BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Երբ տեսա երիտասարդների փայլող աչքերն ու ոգևորությունը, հասկացա, որ դա անհրաժեշտ է»

«Երբ տեսա երիտասարդների փայլող աչքերն ու ոգևորությունը, հասկացա, որ դա անհրաժեշտ է»
02.10.2014 | 15:01

Ծաղկաձորում այս օրերին անցկացվում է «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը, որը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին և կտևի մինչև հոկտեմբերի 5-ը: Ներկայացված 118 ֆիլմից ընտրվել են 60-ը` վավերագրական, խաղարկային, անիմացիոն: Հայ և օտարազգի երիտասարդ ռեժիսորներն իրենց ֆիլմերում անդրադարձել են մերօրյա խնդիրներին` զավակների կողմից լքված ծնողներ, մանկատանը հայտնված երեխաներ, ինչպես նաև` կին-տղամարդ փոխհարաբերություններին, մարդու կռվին սեփական ես-ի հետ, չի անտեսվել նաև պատերազմի թեման` ինչպիսին կլիներ աշխարհը, եթե չլինեին պատերազմներ:

Անետա Օհանջանյանը փառատոնին ներկայացել է «Մի ազգի պատմություն» ֆիլմով, որտեղ պատմում է եզդիների բարքերի, ապրելակերպի մասին։ «Առանձնացրել եմ հայերի և եզդիների հարաբերությունները, քրդերի և եզդիների հարաբերությունները: Ցույց եմ տվել նրանց կապը հայերի հետ և, թե ինչքան լավ են իրենք զգում մեր հողի վրա»,- պատմում է Անետա Օհանջանյանը` տեղեկացնելով, որ պատրաստվում է այս թեմայով մի ամբողջ շարք ներկայացնել` անդրադառնալով մյուս ազգային փոքրամասնություններին:
Կինոփառատոնի նախագահ Ռուբեն Գևորգյանցը, առանձնացնելով Անետայի կինոձեռագիրը, ակնարկում է, թե նա կարող էր շատ հանգիստ ֆիլմեր չնկարել, բայց նկարում է: «Ես անկեղծ ասեմ` որոշել էի այլևս փառատոն չանել, բայց երբ տեսա երիտասարդների փայլող աչքերն ու ոգևորությունը, հասկացա, որ դա անհրաժեշտ է»,- շարունակեց Գևորգյանցը` նկատելով, որ այսօր ոչ փառատոնային ֆիլմերի կարիք կա, որովհետև բազում խնդիրներ ունենք և դրանց մասին պետք է խոսել, ինչը հաճախ չի արվում:
Ի դեպ, կինոդիտումներից հետո գրողների ստեղծագործական տանը կազմակերպվում են նաև քննարկումներ, որոնց ժամանակ յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր կարծիքն ազատ արտահայտելու և լսելու նաև սեփական թերությունների մասին:
Կինոփառատոնն անցկացվում է «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ» անվանակարգերում, որոնց արժանացած մասնակիցը կամ ստեղծագործական խումբը կստանա համապատասխան դիպլոմ և մրցանակ:
ժյուրին կազմված է կինոյի բնագավառի հեղինակավոր մասնագետներից՝ Սամվել Բաբասյան /օպերատոր/, Նարինե Ջրբաշյան /կինոգետ/, Ռուբեն Երզնկյան /ռեժիսոր/, Արամ Գյուրջյան /դերասան/: Ժյուրին նախագահում է ռեժիսոր Ռուբեն Քոչարը:
Հավելենք, որ «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին, իսկ 2007 թվականից այն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի նպատակն է օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին՝ գտնելու իրենց տեղը և դեմքը ժամանակակից կինոարվեստում, ինչպես նաև նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը:
Իր գործունեության ընթացքում «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը ձեռք է բերել լայն ճանաչում ու հեղինակություն:
Կինոփառատոնի մրցութային ծրագրերին մշտապես մասնակցում են երիտասարդ կինեմատոգրաֆիստներ տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Լիտվայից, Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և այլն:

«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի աշխատակազմ

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ